«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ելք գիրքը (տասը պատվիրանները)

Ելք գիրքը (տասը պատվիրանները)
14.07.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
ԵՐՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով Իր անունը զուր տեղն է արտասանում։
Ըստ Սուրբ Գրքի ուսուցման` անունը մեծ նշանակություն և խորհուրդ ունի։ Այսպես` Հիսուս նշանակում է փրկիչ, Նոյ` մխիթարություն բերող։ Սրբազան բնագրում հանդիպում ենք երկնային զորությունների միջամտությամբ անվանակոչության, իսկ երբեմն էլ անվանափոխության` հոգևոր առաքելության խորհրդով պայմանավորված. Աբրամը կոչվեց Աբրահամ, որ նշանակում է բազմության հայր (Ծննդ. 17.5)։
Երևելի և աներևույթ աշխարհների Արարչի անունն ու անձը, ըստ նույն վարդապետության, սերտորեն կապված են իրար, անունը, բացահայտելով անդրանցական, անտեսանելի Աստծո հատկություններն ու էությունը, ինչ-որ առումով նույնական է Նրա անձին և սուրբ է, ինչպես ասվում է Հայր մերում. «սուրբ եղիցի անուն Քո»։ Սույն պատվիրանով հանձնարարվում է սուրբ պահել, մեծավ երկյուղով մտաբերել, արտասանել Աստծո նվիրական անունը։
Արարչի անունները բազմաթիվ են և, ըստ ս. Գրիգոր Տաթևացու, բաժանվում են երկու խմբի` «իշխանական (ինչպես` Տեր, Թագավոր, Ամենակալ, Սաբաովթ (Զորություն), և տնօրինական (Աստված փրկիչ, Աստված արդարության, խաղաղության կամ Աբրահամի, Իսահակի)»։ Սակայն առանձնահատուկ խորհրդավոր ու նվիրական է այն անունը, որը Տերը հայտնեց Մովսեսին անապատում, և որը հրեաները երբեք չէին արտասանում, իսկ Սուրբ Գիրքն ընթերցելիս փոխարինում էին Ադոնայ` Տեր, Էլլոհիմ` Աստված, Սաբաովթ` Զորություն հոմանիշներով։
Նախքան տաճարի ավերումն այս նվիրական անունը արտասանվում էր տարին մեկ անգամ` Քավության օրը, քահանայապետի կողմից սրբությունների սրբությունում։
Այս անվան խորհուրդը չափազանց մեծ է, քանզի, ի տարբերություն մյուսների, Աստծո անձնանունն է, անուն, որը երբեք չի կրել որևէ դիք կամ մարդ։ Սույն անունը, որը հայերեն թարգմանվում է «Ես եմ որ է», դարձավ Իսրայելի աստվածապաշտության արտոնությունը, քանզի նա արդեն պաշտում է ոչ թե հեռավոր ու անդեմ` ես չունեցող աստծու, այլ անձնական «անձնականությունը ցույց է տալիս մարդու հետ Նրա կենդանի հաղորդակցությունը» և կենդանի Աստծուն, ում անձնանունը նա արդեն գիտի։ Սույն անվան կարևորության առնչությամբ ս. Գ. Տաթևացին «Գիրք հարցմանցում» գրում է. «Այս անուններից առավել է Է-ն, քանզի Աստված [նշանակում է] աստ էած զմեզ (ստուգաբանվում է` այստեղ բերող կամ հաստատող, այսինքն` ընդգծում է Նրա Արարիչ լինելը - Գ. Դ.)... իսկ Է-ն մշտնջենավոր լինելիությունն է ցույց տալիս»։
Բաբելոնյան գերությունից հետո (Քրիստոսից առաջ 536 թ.) հրեաներն այս պատվիրանը չխախտելու երկյուղից դադարեցին արտասանել այս անունը, իսկ սրբազան բնագրերում փոխարինեցին այլ նվիրական անուններով։
Գիտական-աստվածաբանական գրականության մեջ սույն անունը YHWH` ՅՀՎՀ, կոչվում է տետրագրամատոն կամ տետրագրամա` քառատառ։ Եբրայերենը, մյուս սեմական լեզուների պես, բաղաձայնագիր է, այսինքն` գրվում են միայն բաղաձայն տառերը, իսկ ձայնավորները, որոնք ուշ շրջանում ներմուծվեցին, դրվում են բաղաձայնների վերևում, ներքևում և մեջտեղում։ Վերը նշված փաստերից ելնելով, կարելի է ասել, որ տետրագրամայի հնչողությունը մինչև հիմա հայտնի չէ։
Իսկ 1611 թ. KJV (Հակոբ թագավորի տարբերակ) անգլերեն թարգմանության մեջ հնչեցրած տետրագրաման (Եհովա կամ Եահվե) մոտավորություն է և այսօր մեծապես չարաշահվում է աղանդների կողմից։ Այս առիթով տեր Ղևոնդ քահանա Մայիլյանն իր «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքում գրում է. «Աստծո անունը «սուրբ պահելը» հենց Տասնաբանյայի երրորդ պատվերի կիրառումն է մեր կյանքում ու ոչ թե պատեհ-անպատեհ տետրագրամայի սխալ հնչողությամբ Աստծո անունը հասարակ անվան հավասարեցնելը, արժեզրկելը։ Եհովայի վկաներն իրենց բռնած դիրքով, փաստորեն, հենց այդ են անում»։
Սույն պատվիրանով հավասարապես արգելվում է նաև Աստծո անունով սուտ երդումներ տալը, սրբությունների նկատմամբ հանդուգն ու կոպիտ խոսելը, անհարկի, տեղի-անտեղի գործածելը։
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Յոթերորդ օրը քո Տեր Աստծո շաբաթ օրն է։
Սույն պատվիրանով արգելվում է բոլորին` մարդկանց, նրանց զավակներին, ծառաներին, այդ թվում նաև` ընտանի կենդանիներին, գրաստին, աշխատել և հանձնարարվում է նվիրվել աստվածապաշտությանն ու աստվածահաճ գործերին։
Այսօր բովանդակ աշխարհն աշխատում է վեց օր և մեկ օր հանգստանում (շաբաթ եբրայերենում նշանակում է հանգիստ), սակայն քչերը գիտեն, որ այդ օրը նաև հոգևոր է։ Սույն պատվիրանը, որ իր նմանն ու նախադեպը չուներ հեթանոս աշխարհում, խորին խորհուրդ ունի, քանզի շաբաթ օրը ոչ այլ ինչ էր, եթե ոչ նշանավորումը վեցօրյա արարչագործության, քանզի Աստված «յոթերորդ օրը» հանգստացավ, և ոգեկոչումը հրեաների` Եգիպտոսից ելքի հիշատակության։ Քրիստոնյաների համար հանգստի օրը յոթերորդ օրից տեղափոխվեց միաշաբթի` կիրակի, ինչը նույնպես խորհուրդ ունի։ Գործք Առաքելոցում հիշատակվում է աշակերտների հավաքի մասին շաբաթվա առաջին օրը, այսինքն` միաշաբթի` հաց բեկելու` հաղորդության խորհուրդը կատարելու համար (20.7)։ Իսկ խորհուրդը հետևյալն է. քրիստոնյաներն այդ օրը դիտարկում են իբրև արարչության երրորդ փուլ, որը տեղի ունեցավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից հարությամբ, որը, ըստ էության, նոր արարչության տոնն է` ի հիշատակ Փրկչի հրաշափառ հարության։ Ընդ որում, կիրակի բառը, որը հունարենից փոխառություն է, նշանակում է Տերունական և առնչվում շաբաթվա առաջին օրը Փրկչի հարությանը։ Այդպես է նաև ռուսերեն «Վոսկրեսենիե» բառի պարագայում, որը թարգմանվում է հարություն` նույն քրիստոնեական ըմբռնմամբ։
Կիրակի օրը չի կարելի անհարկի աշխատել, այլ հարկավոր է հանգստանալ գործերից, հաճախել եկեղեցի, մասնակցել պատարագին, օգնել աղքատներին, այցելել հիվանդներին։
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ։
Սույն պատվիրանն իր ծնողասիրության և զավակների հնազանդության պատգամով միակն է Տասնաբանյայում, որ ներկայացված է պատճառահետևանքային առնչությամբ` զավակների երկարակեցությունն ու բարեկեցությունը հռչակելով որպես հետևանք առաջինի։ Ինչպես որ Աստված գոյացնում է մեր աներևույթ հոգիները, այնպես էլ ծնողները մեզ մարմին են տալիս, ուստի և իրենց զավակների համար երկրորդ աստվածներ են կոչվում։
Թեև թվում է, թե ծնողներին պատվելը պետք է բնական լիներ բոլորի համար բոլոր ժամանակներում, սակայն հին աշխարհում նախահայտնութենական շրջանում իշխողը բարբարոսական ու բիրտ վերաբերմունքն էր ծնողների նկատմամբ։ Որոշ ազգեր սովորություն ունեին բռնի մահվան մատնելու իրենց զառամյալ և անուժ ծնողներին, լքելու և անօգնական թողնելու նրանց։ Որոշ հեթանոս ժողովուրդների մոտ մայրը ստրկացված վիճակում էր մնում նաև ամուսնու մահից հետո` լրիվ ենթարկվելով ավագ որդուն։ Իսկ հին ուխտում ծնողներին անգամ վատաբանելու (Եբր. բնագրում` անիծելու) համար մահապատիժ էր սահմանված։
Հատկապես կարևոր է հոգալ ծեր ու զառամյալ ծնողների մասին` նրանց օրհնությանն արժանանալու համար, ինչպես որ տեսնում ենք Աբրահամի, Իսահակի և Հակոբի որդուց հոր հնազանդության և հորից որդու օրհնությունների պարագայում։
Սույն աստվածադիր պատգամում բացահայտվում է նաև ընտանիքի ամրության խորհուրդը, որի քայքայումը ողջ ժողովրդի և հասարակության կործանման նշաններից է։ Սույն պատվիրանն ուսուցանում է նաև հարգալից վերաբերմունք ունենալ մեր ժառանգության, հայրենիքի, եկեղեցու և ամենայն սրբությունների ու նաև իշխանությունների նկատմամբ։
ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏՎԻՐԱՆ
Մի՛ սպանիր
Մարդու կյանքի իրավունքի անձեռնմխելիությունը պայմանավորված է յուրաքանչյուր մարդու` Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծվելու աներկբա ճշմարտությամբ։ Կյանքն Աստծո մեծագույն պարգևներից է, ըստ այդմ, մարդասպանությունը ծայրագույն ոճիրների շարքին է դասվում։ Այս իրավունքը վերապահված է միայն Արարչին, քանզի նա է ստեղծել և նա էլ կարող է այն վերցնել` մեզ համար անիմանալի և իմանալի պատճառներով։
Վեցերորդ պատվիրանի անդաստանում սրանից առավել ծանր մեղք է համարվում ինքնասպանությունը, քանզի իր մեջ ներառում է նաև հուսահատություն և Աստվածային նախախնամության դեմ ընդվզում։ Բանն այն է, որ մարդասպանը դեռ կարող է ապաշխարել, իսկ ինքնասպանը` ոչ։ Սպանության մեղք են գործում ոչ միայն կատարողները, այլև հրաման արձակողները, մարդասպան վարձողները, խորհուրդ տվողները և այլք։
Մարմնական սպանության մեղսագործներ են նաև նրանք, ովքեր ծանր, անտանելի աշխատանքով մաշեցնում են իրենց ենթականերին` արագացնելով նրանց մահը։
Սպանում են նաև խոսքով, ինչպես Սիրաքն է ասում. «Շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, ովքեր ընկել են լեզվի երեսից» (28.22)։
Նույնքան ծանր մեղք է նկատվում հոգևոր սպանությունը` գայթակղությամբ մարդուն անհավատության, աղանդավորության, հերձվածների, անառակ կյանքի մղելը (Մատթ. 18.6-7)։ Այս կարգի մեղքերից է նաև մահվան ճիրաններից մերձավորին փրկելուց հրաժարվելը, եթե այդ աստվածահաճ գործն անելու հնարավորությունը կա։
Սույն պատվիրանը ձևակերպված է քրեական հանցագործության իմաստով, քանզի չի վերաբերում մարտի դաշտում «հանուն հավատո և հայրենյաց» թափված արյան, թեև չեն արդարացվում գերիների և խաղաղ բնակչության հանցագործ սպանությունները և գազանությունները։
Հիսուս բացահայտեց նաև այս պատվիրանի խորքային իմաստը. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպան է» (Ա Հովհ. 3.15)։ Այսինքն` մեղսալից է ոչ միայն արարքը, այլև, նախ և առաջ, դրան նախորդող ատելության զգացմունքը։
Լինել աղքատասեր, ողորմած, թեթևացնել տառապյալների ծանր վիճակը, լինել քաղաքավարի ու բարեկիրթ, ներել վիրավորանքը, մխիթարել նեղյալներին, հեզ ու խոնարհ սրտով բոլորի հետ խաղաղություն հաստատել. ահա վեցերորդ պատվիրանի անանց պատգամը։
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3640

Մեկնաբանություններ